19 ապրիլի 2012 - 14:20 AMT
Մեկնարկել է ՏՏ ոլորտի «Լավագույն կառավարիչ» մրցանակաբաշխությունը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Լավագույն կառավարիչ» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկի մասին այօր լրագրողներին պատմեցին մրցանակաբաշխության կազմակերպիչները: Վարչապետի հովանու ներքո անցկացվող ՏՏ ոլորտի կառավարիչների երկրոդ ամենամյա մրցանակաբաշխության հիմնական կազմակերպիչը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն է, հավանավորը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «ՏՏ ոլորտում երիտասարդ կազամակերպիչների որակավորման բարձրացման նպատակով արվող ներդրումն այն կարևորագույն գործոնն է, որով պայմանավորված է Հայաստանի` ՏՏ համաշխարհային շուկայում իր ուրույն տեղի գրավումը»,- ասաց մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսոիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանում ՏՏ ոլորտի կառավարիչների որակավորման բարձրացմանը և բիզնեսի կառավարման ունակությունների ու ձիրքերի բարելավմանը: Մրցույթի հաղթողները հնարավորություն են ունենալու մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհում բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում:

ՎիվաՍել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, խոսելով մրցանակաբաշխության մասին, ասաց. «ՏՏ ոլորտի բարձր արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ են բարձրակարգ ՏՏ մենեջերներ, որոնք կարող են փոփոխություններ մտցնել և նորարարություն բերել թե տեխնոլոգիաների, թե կիրառական գիտությունների և մենեջմենթի ոլորտներում»: