19 ապրիլի 2012 - 14:55 AMT
ԿԳՆ. Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու օրենքով սահմանված հիմքի առկայությունը անհերքելի է

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են և 2008 թվականի մարտի 17-ին նրա հետ կնքված, թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի հրամանով: PanARMENIAN.Net-ին ԿԳՆ-ից տեղեկացրեցին, որ ՀՀ օրենքի համաձայն`գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե վերջինս մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվում է կրկնակի կարգապահական պատասխանատվության:

ՀՀ կրթության և գիտության նախարարը հանդիսանում է Սուրեն Տիգրանի Զոլյանի գործատուն, հետևաբար օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պետք է դադարեցնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները:

Ինչ վերաբերում է օրենքով սահմանված հիմքի՝ «մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության» առկայությանը, ապա ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի և ապրիլի 17-ի հրամաններով, օրենքների խախտումների համար, Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

Նախարարի հրամանի համաձայն` Սուրեն Զոլյանը խախտել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և 6-րդ մասի պահանջները, ինչպես նաև Սուրեն Զոլյանը խախտել է ՀՀ օրենքներով ուղղակի նախատեսված ՀՀ կառավարության որոշումները և նորմատիվ գերատեսչական իրավական ակտերը, հետևաբար՝ օրենքները, ինչը հայտնաբերվել և արձանագրվել է ԵՊԼՀ-ում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից: Վերոգրյալը փաստում է, որ Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու՝ օրենքով սահմանված հիմքի առկայությունը անհերքելի է: