19 ապրիլի 2012 - 16:10 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսը Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը անդրադարձել է միջուկային էներգիայի վտանգներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին` ուղեկցությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի:

Հանդիպմանը Նորին Սրբությունը ողջունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը` ուղղված Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը: Վեհափառ Հայրապետը կարևորել է ԱԷՄԳ առաքելությունը ատոմային էներգետիկայի զարգացման և դրանից բխող զանազան վտանգների կանգարխելման մեջ` բարի արդյունավորում մաղթելով գործակալության աշխատանքներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է նաև միջուկային էներգիայի վտանգներին, մասնավորապես վերջերս Ճապոնիայում արձանագրված ողբերգական միջադեպին: Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ ԱԷՄԳ ջանքերի արդյունքում կնվազեն այդօրինակ վտանգները, իսկ մարդկությունը կգտնի այլընտրանքային միջոցներ` իր կյանքի առաջընթացն երաշխավորելու համար:

Վերջում Վեհափառ Հայրապետը վերստին իր գնահատանքն է հայտնել գործակալությանը բոլոր այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ի նպաստ Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման: