19 ապրիլի 2012 - 16:20 AMT
Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ

Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներ` Դանիելա Մալիյանսկա Միտեվսկային և Սոենեկե Ցիշեին:

Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր: Դիտորդները մանրամասն հետաքրքրվել են, թե ինչ նախընտրական խնդիրներ կան այս ընտրատարածքում` կապված թե ԸԸՀ-ի աշխատանքի և թե քարոզչության ընթացքի հետ:

Տիգրան Տեր-Պետրոսյանը դիտորդներին տեղեկացրել է ցուցակներում առկա անճշտությունների և գոյություն չունեցող հասցեների մասին: Բացի դա, Տիգրան Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ թիվ 12 ընտրատարածքի մեծ մասում բացակայում են նախընտարկան պաստառների համար նախատեսված վահանակները, իսկ մեծ պաստառներ տեղադրելու համար համապատասխան ընկերությունները հրաժարվել են իրեն վահանակ տրամադրել: Տիգրան Տեր-Պետրոսյանը դիտորդներին նաև տեղեկացրել է, որ այլ թեկնածուներ այս ընթացքում խախտել են Ընտրական օրենսգիրքը:

Իսկ հանդիպման վերջում դիտորդները տեղեկանալով, որ այսօր Տիգրան Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է` շնորհավորել են նրան և ցանկություն են հայտնել մի քանի օրից ևս մեկ անգամ հանդիպել նրան: