19 ապրիլի 2012 - 16:37 AMT
Արմեն Աշոտյան. Զոլյանը վերադառնալու երկու ճանապարհ ունի

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման հենց սկզբում հայտարարեց, որ չի եկել զանգվածային բեմադրված ներկայացման մասնակցելու համար, այլ համաձայնել է և պատրաստ է պատասխանել ուսանողների հարցերին:

Նախարարը Հանդիպման մասնակիցներին պայմանականորեն բաժանեց 4 խմբի՝ նրանք, ովքեր ցանկանում են իրազեկ լինել իրականությունը, նրանք, ովքեր ցավում են նախկին ռեկտորի համար, 3-րդ խումբը մտահոգված է խնդրով, 4-րդ խմբի համար էլ մեկ է արդարությունն ու իրականությունը, և նրանք ցանկանում են հասարակական ակտիվություն առաջացնել և ուղղորդվում են որոշակի քաղաքական ուժերի կողմից:

Աշոտյանը պատասխանեց ուսանողների հարցերին, և նրանց խորհուրդ տվեց մտածել 2 հարցի շուրջ՝ արդյոք նրանց չեն հետաքրքրում այն վաստակաշատ դասախոսները, որոնց հեռացրել են՝ իրավունքները ոտնահարելով, և երկրորդը՝ արդյոք նրանց չեն հետաքրքրում այն բազմաթիվ ուսանողները, որոնց իրավուքնները նույնպես ոտնահարվել են:

Դուրս գալով բուհի շենքի մոտ ցույց անող ուսանողներին ընդառաջ՝ Աշոտյանը հայտարարեց, որ Սուրեն Զոլյանը 2 ճանապարհ ունի հետ վերադառնալու համար՝ դատարանի վճռով կամ նոր ընտրությունների արդյունքում: Այս 2 դեպքն էլ, նախարարի խոսքով, չեն ենթադրում նման ակցիաներ ու մամուլում փոխադարձ վիրավորանքներ: