19 ապրիլի 2012 - 17:53 AMT
20 հայկական ընկերություններ առաջին անգամ պարգևատրվել են ստանդարտացման բնագավառում

Ապրիլի 19-ին Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն ստանդարտացման բնագավառում: Մրցանակաբաշխությանը, որի նախաձեռնողն է Ստանդարտների ազգային ինստիտուտը, մասնակցել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Սատնդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) նախագահ Բորիս Ալյոշինը, «Ռոսստանդարտի» ղեկավար Գրիգորի Էլկինը, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, խոշոր արդյունաբերական ընկերությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

«Հայաստանի համար չափազանց կարևոր է մասնակցել ստանդարտացման միջազգային գործընթացներին և ԻՍՕ աշխատանքներին»,-ասել է Տիգրան Դավթյանը՝ բացելով մրցանակաբաշխությունը: Նա կարևորեց Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ ստանդարտների հստակեցման ու կիրառման հարցում:

Ինչպես նշել է Ենոք Ազարյանը, կազմակերպությունների ընտրությունն ու գնահատումը իրականացվել է Ստանդարտների ազգային ինստիտուտի գիտատեխնիկական խորհրդի կողմից: 150 ընկերություններից ընտրվել են 20: Սահմանվել էր երկու կարգի մրցանակ՝ «բարձրագույն մրցանակ ստանդարտացման բնագավառում», որը շնորհվեց ստանդարտացման գործընթացներում ակտիվ դերակատարություն ունեցող 10 կազմակերպությունների ներկայացուցիչներին, և «ոսկյա մրցանակ», որը շնորհվեց 10 ընկերությունների, որոնք իրեցն արտադրական կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ամենամեծ կիրառումն ունեն:

«Ով չի մասնակցում ստանդարտների մշակմանը, մրցակցությունից դուրս է մնում»,-ասել է Ալյոշինը: