19 ապրիլի 2012 - 19:18 AMT
Երևանում մեկնարկել է «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթը

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը, հաղթող նախագծերը կներկայացվեն ԴիջիԹեք բիզնես համաժողովում և «Եվրասիա» երիտասարդական միջազգային համաժողովում:

Մրցույթի առաջին փուլում մոտ 30 երիտասարդներ ներկայացրեցին 14 նորարարական գաղափարներ: Հիմնական հայտերը ներկայացրել էին Երևանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի և այլ բուհերի ուսանողները:

Առաջին փուլում ընտրվեցին նորարար և մրցունակ գաղափարները, որոնց հիման վրա մասնակիցների ցանկությամբ ձևավորվեցին աշխատանքային թիմեր:

Մրցույթի հետագա փուլերի ընթացքում աշխատանքային թիմերը կկազմեն իրենց գաղափարների բիզնես-մոդելները, կմշակեն իրենց բիզնեսի փորձնական նախատիպերը:

Հաղթող թիմերը իրենց գաղափարների փորձնական նախատիպերը հնարավորություն կունենան ներկայացնելու հունիսի 15-16 կայանալիք ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում, և մայիսի 17-19 անցկացվող «Եվրասիա» միջազգային երիտասարդական համաժողովում: