Սկաֆատի իտալական քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սկաֆատի իտալական քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել է Սալերնո նահանգի Սկաֆատի քաղաքը, ուր հանդիպում է ունեցել քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ, ինչպես նաև մասնակցել քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Հայ արտիստները Սկաֆատիում» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

Քաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպան Կարապետյանը քննարկել է Սկաֆատիի հետ քաղաքային մակարդակով համագործակցության հաստատման, զբոսաշրջության և առևտրատնտեսական ոլորտներում կապերի զարգացման հնարավորությունները:

Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում դեսպան Կարապետյանը շեշտեց, որ «Հայ արտիստները Սկաֆատիում» ցուցահանդեսի կազմակերպումը չափազանց կարևոր է, քանի որ այն տեղի է ունենում պատմական Պոմպեյ քաղաքի անմիջական մերձակայքում և հնարավորություն կընձեռի բազմահազար իտալացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին մինչև մայիսի 31-ը ճանաչելու և հաղորդակցվելու հայկական ժամանակակից արվեստի հետ: Սկաֆատիի քաղաքապետն իր հերթին նշեց, որ «քաղաքի պատմական այս վայրում առաջին անգամ է կազմակերպվում օտար, ոչ իտալական, ազգային մշակույթը ներկայացնող ցուցահանդես»` հավելելով, որ «իրենց քաղաքի համար, հիրավի, մեծ իրադարձություն և պատիվ է հայկական մշակույթին նվիրված նման միջոցառման իրականացումը»:

Ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը, ներկայացված էին տարբեր երկրներից /ԱՄՆ, Չեխիա, ՌԴ, ՀՀ, Իտալիա, Կանադա/ հայազգի 16 նկարիչների և քանդակագործների աշխատանքներ:

Ապրիլի 17-ին Սկաֆատիի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը` «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին և զորակցություն հայտնելով հայ ժողովրդին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---