20 ապրիլի 2012 - 17:25 AMT
ՎՏԲ խմբի հիփոթեքային ստորաբաժանումների ղեկավարները Երևանում քննարկում են զարգացման եռամյա ծրագիրը

Երևանում ՎՏԲ Հայաստան բանկի բազայի վրա ընթանում է ՎՏԲ խմբի համար շատ կարևոր սեմինար Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և ՎՏԲ 24 գլխամասային գրասենյակի մանրածախ բիզնեսի և հիփոթեքի բաժինների ղեկավարող ստորաբաժանումների աշխատողների մասնակցությամբ: Այդ մասին ապրիլի 20-ին «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի պաշտոնակատար Յուրի Գուսևի հետ համատեղ մամլո ասուլիսում հաղորդել է ՎՏԲ24 բանկի նախագահ-կառավարման նախագահ Միխայիլ Զադորնովը: Նրա խոսքով, Հայաստանում սեմինարին մասնակցում են շուրջ 150 մարդ, ինչը «ինքնին լավ ներդրում է գարնանային երևանյան շուկայի համար»:

Զադորնովը հավելել է, որ դա որոշիչ սեմինար է խմբում հիփոթեքի զարգացման համար՝ զարգացման եռամյա ծրագիր նախապատրաստելու համար: «Այն, որ մենք հավաքվել ենք Երևանում, ևս մեկ անգամ ընդգծում է մեզ համար հայկական շուկայի կարևորությունը»,- ասել է նա և հավելել, որ սեմինարի արդյունքներով մշակվելու են անհրաժեշտ մոտեցումներ Հայաստանում հիփոթեքի զարգացման համար: