
Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Հնաբերդ համայնք: Բնակիչների հետ հանդիպմանը, շնորհակալություն հայտնելով նախորդ ընտրություններում իրենց սատարելու համար, նա նշեց, որ ՀՀԿ գլխավոր նպատակներից է գյուղական համայնքների զարգացումը, գյուղացու համար հաճույքով աշխատելու և արարելու համապատասխան պայմանների ստեղծումը:
«Ուրախ եմ, որ առաջին անգամ ձեր գյուղում եմ: Եկել եմ, որպեսզի այս անգամ էլ խնդրեմ ձեր աջակցությունը, որպեսզի մենք կարողանանք մեր գործը շարունակել», - ասաց Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ այս չորս-հինգ տարիների ընթացքում էապես չի հաջողվել անել այնպես, որ գյուղացիների բոլոր խնդիրները մնան անցյալում, սակայն դրա համար արվել է հնարավոր ամեն ինչ: Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ ինքը տեղյակ է բոլոր այն խնդիրների մասին, որոնք տեղ ունեն Հնաբերդ համայնքում:
«Ես ինքս եկա այստեղ մի ճանապարհով, որն անպայմանորեն ենթադրում է շտապ վերանորոգում: Գիտեմ դպրոցի անբարեկարգ վիճակի մասին, մշակութային տան բացակայության մասին: Միաժամանակ որոշակի խնդիրներ լուծվել են կամ էլ դրա ճանապարհին են: Մեր նպատակն է, որ գյուղը լինի հարմարավետ, որպեսզի գյուղն ունենա խմելու և ոռոգման ջուր, շուրջօրյա էլեկտրականություն»,- ասաց նախագահը:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):