Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը կշարունակի օժանդակել խաղաղության հաստատմանը Աֆղանստանում

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը կշարունակի օժանդակել խաղաղության հաստատմանը Աֆղանստանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած` Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին: «Հայաստանն եկավ Աֆղանստան իր մասնակցությունը բերելու միջազգային համատեղ ջանքերին օգնելու այդ երկրին խաղաղություն հաստատելու իր, իր հարևանների և միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների` այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել և գիտենք, թե դա ինչ է նշանակում»,- հայտնել է Նալբանդյանը: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես մինչև 2014 թ. նախատեսվող անվտանգության աջակցության ուժերի դուրսբերումը, այնպես էլ դրանից հետո:

Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաև զրույցներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---