«Կինոշոկ» միջազգային փառատոնը հոբելյանական շրջագայությունը մեկնարկել է Հայաստանից

«Կինոշոկ» միջազգային փառատոնը հոբելյանական շրջագայությունը մեկնարկել է Հայաստանից

PanARMENIAN.Net - «Կինոշոկ» միջազգային փառատոնի 20-ամյա հոբելյանի շրջանակում նախատեսվող շրջագայությունը սկսվել է Հայաստանից: Ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը կինոգետ Դավիթ Մուրադյանը դա պայմանավորեց այն հանգամանքով, որ 2011 թվականի փառատոնին ամենաշատը` 16 ֆիլմ, ներկայացվել էր Հայաստանից:

Նրա խոսքով` «Կինոշոկ»-ն առաջին հերթին կինեմատոգրաֆիական եղբայության փառատոն է, որը ստեղծվել է դժվար ժամանակներում և համախմբել նախկին Խորհրդային Միության կինոգործիչներին, որպեսզի չանհետանա այն մշակութային միջավայրը, որ երկար տարիների ընթացքում ձևավորվել է ժողովուրդների միջև: «Սա հեղինակավոր փառատոն է, հետաքրքիր կենսագրությամբ, որն արդեն 20 տարի ղեկավարում են դրամատուրգ Վիկտոր Մերեժկոն և դերասանուհի Իրինա Շեվչուկը»,-ընդգծեց նա:

Փառատոնի մամուլի ծառայության ղեկավար Վերա Մուսատովայի կարծիքով` «Կինոշոկ»-ը տարիներ շարունակ կարողացել է իր գլխավոր առաքելությանը համաձայն մշակութային շոկ առաջացնել: «Այն ճիշտ ժամանակին եկավ փոխարինելու Խորհրդային տարիների ամենահայտնի Համամիութենական կինոփառատոնին»,-նշեց նա:

Մուսատովայի կարծիքով` «Կինոշոկ»-ը մյուս փառատոներից տարբերվում է կինոդիտումներից ու մամլո ասուլիսներից հետո կազմակերպվող ակտիվ քննարկումներով, ինչը հնարավորություն է տալիս վերլուծել փառատոնին ներկայացված ֆիլմերն ու կարծիքներ փոխանակել:

«Կինոշոկ»-ը, որն այժմ պաշտոնապես կոչվում է ԱՊՀ, Լատվիայի և Լիտվայի երկրների բաց փառատոն, հոբելյանական շրջագայություններ կանցկացնի ապրիլից-հունիսն ընկած ժամանակահատվածում: Հայաստանում կներկայացվեն չորս` «Եվրասիացին», «Մակարով», «Հռետորը», «Վերածննդի կղզին» ֆիլմերը, որոնցից երեքը «Մոսկվայի տանը», իսկ վերջինը` «Մոսկվա» կինոթատրոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---