Ըստ ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական ընտրական շտաբի այսօր տարածած հայտարարության` 7-րդ ընտրատարածքում խոչընդոտվել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը:
Ինչպես նաև հայտարարությունում նշվում է, որ հրոսակային մի խումբ հարձակվել է քարոզչություն իրականացնող ակտիվիստների վրա, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը:
Այս ամենը շտաբը որակում է որպես ընտրական իրավունքի իրացման խոչընդոտում, որը զուգորդվել է բռնություն գործադրելով:
Շտաբի համար մտահոգիչ է նաև թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Մերուժան Մխոյանի` սպառնալիքի արդյունքում ինքնաբացարկի հայտարարությունը:
«Վերը նշված և նմանատիպ այլ արձանագրվող դեպքերը վկայում են քարորզաշավի ընթացքում ընտրական իրավունքի իրացման խոչընդոտման մասին»,-նշվում է հայտարարությունում: