ՀԱԿ-ի համակարգողը Միքայել Մինասյանին ամենամեծ վտանգն է համարում

ՀԱԿ-ի համակարգողը Միքայել Մինասյանին ամենամեծ վտանգն է համարում

PanARMENIAN.Net - Այսօր, ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն իր ելույթի մեծ մասը նվիրել էր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Միքայել Մինասյանին:

Զուրաբյանի խոսքերով. «Այդ մարդը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվում, նրա մասին համարյա ոչ մի բան չի ասվում ու չի գրվում: Բայց այդ երիտօլիգարխը միգուցե շատ ավելի վտանգավոր է, քան բոլոր վերը թվարկված օլիգարխները: Ռեժիմի պահպանման նպատակով նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որի նպատակն է մենաշնորհել տեղեկատվական դաշտը Հայաստանում, ձեւավորել հասարակական կարծիքը մանիպուլացնելու տոտալիտար մի համակարգ»:

Ըստ Զուրաբյանի, Միքայել Մինասյանն, օգտագործելով Սերժ Սարգսյանի անսպառ ֆինանսական միջոցները, տիրացել է մի քանի հեռուստատեսությունների եւ լրատվամիջոցների. «Հնազանդ հեռուստատեսությունների եւ իր կողմից ստեղծված եւ/կամ ֆինանսավորվող կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են, օրինակ «Հայաստանի Եվրոպական ընկերները» կամ Հայկական մարքետինգային կազմակերպությունը, պատվիրում է սոցհարցումներ, որոնց նպատակն է ներշնչել մեր հասարակությանը եւ միջազգային հանրությանը կեղծ պատկերացումներ քաղաքական ուժերի վարկանիշների վերաբերյալ, որ իբր հանրապետական կուսակցությունը գտնվում է առաջատար դիրքերում, մինչ դեռ Հայ ազգային կոնգրեսը ունի աջակցության շատ ցածր տոկոս:

Ահա այս մարդն է եւ իր կողմից ստեղծված ստի կայսրությունը, որ դարձել է հանրապետականի վերջին հույսը մի ընտրարշավում, որում նրա քաղաքական դեմքերն արդեն լքել են ճակատամարտի դաշտը՝ թաքնվելով Միքայել Մինասյանի տեղեկատվական մեքենայի հետեւում:

Այսօր այդ մեքենայի գլխավոր թիրախը դարձել են այն ուժերը, որոնք ձեւավորել են ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբը եւ փորձում են այն արդյունավետորեն աշխատեցնել: Այս գեբելսյան տեղեկատվական համակարգի միակ զբազմունքն է` տարբեր տեսակի տեղեկատվական սադրանքներով եւ դիվերսիաներով քայքայել միասնական շտաբի գործունեությունը: Ուրեմն, հենց սրանից է սարսափած ռեժիմը։ Գեբելսյան համակարգը մենք աշխատեցնելու ենք իրենց իսկ դեմ եւ ապահովելու ենք 30 վայրկյանների հեղափոխություն: Եվ ուրեմն երկու շաբաթ հակագեբելսյան աշխատանք եւ՝ հաղթանակ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---