Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակը նշվում է մի շարք միջոցառումներով

PanARMENIAN.Net - Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ-ն բացեց գիտաժողովով, որի ընթացքում ներկայացվեց հայ իրականության մեջ սկաուտական շարժման հիմնադրման պատմությունն ու զարգացման հեռանկարները:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով` անուրանալի է հայ սկաուտների ունեցած լուրջ դերակատարությունը Մեծ եղեռնից հետո Հայաստանի առաջին հանրապետությում ծավալած գործունեության ու մատաղ սերնդի ֆիզիկական ու հոգևոր դաստիարակության գործում: «Այժմ հայ երիտասարդները կռիվ ունեն Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու հարցում: Սկաուտության գլխավոր նպատակն էր բարոյապես ազնվացնել հայ ցեղը, պահպանել ավանդույթներն ու ժառանգությունը, որի շնորհիվ կարող ենք դասվել քաղաքակիրթ ազգերի շարքին»-, ասաց նա:

Սկաուտների Եվրասիական միության անդամ Բագրատ Եսայանը նշեց, որ սկաուտությունը պատասխանատվություն է սերմանում` շրջապատի, երկրի և հայրենիքի նկատմամբ: «Բազմաթիվ հայ երիտասարդ սկաուտներ ակտիվորեն ընդգրկվում են բնապահպանական շարժումներում և ունեն իրենց քաղաքական դիրքորոշումը»-, ավելացրեց նա: Հայ սկաուտական շարժումն այժմ ունի մոտ 2 հազար անդամ:

Հայկական սկաուտության հիմնադրման 100 ամյակին նվիրված հաջորդ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 3-12-ը Բյուրականում` համահայկական բանակումի միջոցով: Դրա ընթացքում կանցկացվեն դասախոսություններ, գիտելիքների փոխանակում, խարույկահանդես, խաղեր և այլն:

Հայ իրականության մեջ սկաուտությունն ու սկաուտական շարժման ակունքները գալիս են 1912 թվականից, երբ հնդկահայ գաղթօջախի դպրոցներում և Կ. Պոլսում սկսեցին գործել առաջին սկաուտական խմբակները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---