23 ապրիլի 2012 - 13:08 AMT
Հրանտ Ենոքյան. Հայ ըմբիշների ելույթները Սոֆիայում դրական եմ գնահատում

Սոֆիայում ավարտվել է ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը: Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները երկու ուղեգիր են նվաճել: Լոնդոնի Օլիմպիական խաղերին կմեկնեն ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ), դասական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (96կգ ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120կգ ք/կ):

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է, որ հայ ըմբիշների ելույթները դրական է գնահատում:

«Սոֆիայում մեր մարզիկները նվաճեցին մեզ համար կարևոր ուղեգրեր, ընդ որում, ուզում եմ հավելել, որ վարկանիշային մրցաշարեր լինելու են նաև Չինաստանում և Ֆինլանդիայում: Կարծում եմ, որ այնտեղ ևս մեր մարզիկները հաջող հանդես կգան»,-ասել է Ենոքյանը:

Ներկայումս Հայաստանի հավաքականն ունի 6 Օլիմպիական ուղեգիր: Ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74կգ ք/կ) ուղեգրերը նվաճել էին դեռևս 2011թ աշխարհի առաջնությունում:

Երկրորդ վարկանիշային մրցաշարը տեղի կունենա չինական Տայյուան քաղաքում ապրիլի 27-29, իսկ վերջին մրցաշարը տեղի կունենա Հելսինկիում` մայիսի 4-6: