23 ապրիլի 2012 - 15:55 AMT
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց աշխարհի բացառիկ գրքերի և փաստաթղթերի ցուցադրություն

Հայ գրատպության 500-ամյակի առիթով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրության մեջ ներառված են շուրջ 300 հնատիպ և սկզբնաղբյուրային գրականություն, նոթեր, հուշագրություններ, փաստաթղթեր, աշխարհի բացառիկ գրքեր, որոնք կարելի է տեսնել միայն Հայաստանում:

Ցուցադրությանը ներկայացված բացառիկ գրքեըը ձեռք են բերվել վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ջևան Չելոյանցի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավեր նօրեն Ռալֆ Յիրիկյանի և Տիգրան Քալայջյանի աջակցությամբ: Ցուցադրությունը, որը տևելու է 3 ամիս, ներկայացված է տարբեր խորագրերի ներքո: Ներկայացված են ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արևմտահայության հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող հրատարակություններ: Առանձին սեղանաններով ներկայացված են առանձին երկրներում` Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, սկանդինավյան երկրներում լույս տեսած եզակի հրատարակություններ:

Ցուցադրության բացմանը ներկա էին նաև Ջեֆրի Ռոբերտսոնը, ով 2010-ին հրապարակել է «Եղե՞լ է արդյոք հայկական ցեղասպանություն», Յուսսի Բյորնը, ով տեղեկություններ էր հաղորդում 1915թ.-ի Մուշում տեղի ունեցած կոտորածների ձեռագիր հուշագրությունների մասին: Ջեֆրի Ռոբերտսոնը, Յուսսի Բյորնը և Ռալֆ Յիրիկյանը ՀՑԹԻ-ի գիտխորհրդի որոշմամբ թանգարանին ցուցաբերած աջակցության և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ավանդի համար պարգևատրվեցին Ֆրիտյորֆ Նանսենի ոսկե մեդալով,ՙ որը թողարկվել է «Երախտագիտություն» անվանակարգով: