23 ապրիլի 2012 - 17:42 AMT
ԱՊՀ դիտորդական առաքելությունը հետևում է ԱԺ նախընտրական փուլին, ասում է Սերգեյ Լեբեդևը

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին:

Զրուցակիցներն անդրադարձան նաև ԱՊՀ բարձրագույն մարմինների նիստերի օրակարգային հարցերին, ներկայացվեց հայկական կողմի դիրքորոշումը որոշ հարցերի վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Գևորգյանը նշեց, որ հանրապետության իշխանությունները ջանքեր են գործադրում ընտրությունները պատշաճ մակարդակով և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես` նոր Ընտրական օրենսգրքով մրցակցային հավասար պայմաններ են ապահովվում բոլոր ուժերի համար, և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն իրենց ծրագրերը ներկայացնելու բավարար հնարավորություններ ունեն: Երկուստեք հույս հայտնվեց, որ նախընտրական անցած շրջանին բնորոշ դրական միտումները կպահպանվեն, և բուն ընտրական գործընթացը կանցկացվի պատշաճ մակարդակով: Ս. Լեբեդևը տեղեկացրեց, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը հետևում է նախընտրական փուլին և նախատեսում է շարունակել աշխատանքները ողջ ընթացքում: