24 ապրիլի 2012 - 09:53 AMT
Այսօր հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը

Այսօր հայ ժողովուրդը նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցը: 1915թ. ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը, որտեղ գլխավոր դեր է խաղացել Թալիաթ փաշա, Էնվեր փաշա և Ջեմալ փաշա եռյակը, հրամայեց Կոստանդնուպոլսում հավաքել ողջ հայ մտավորականությանը և արտաքսել: Մայրաքաղաքում ձերբակալվեց 250 մարդ, մեկ շաբաթվա ընթացքում` ավելի քան 800 մարդ: Մեծամասնությունն ավելի ուշ սպանվեց բանտերում և աքսորի ճանապարհին: Հայոց ցեղասպանության պաշտոնական սկիզբը համարվում է 1915թ. ապրիլի 24-ը, սակայն հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռևս սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի օրոք 1894-1897թթ.:

Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է մեկուկես միլիոնից մինչև երկու միլիոն հայ: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես հայերի անվտանգությունն ապահովելուն ուղղված «աքսոր»: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: