24 ապրիլի 2012 - 12:50 AMT
Բակո Սահակյան. Թուրք ժողովուրդը պետք է մաքրի իր պատմության այդ սև բիծը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ մենք այսօր միավորվում ենք, որպեսզի ասենք՝ հայն այլևս ուժեղ է ու պաշտպանված և կանի ամեն ինչ, որպեսզի նման հրեշագործություններն էլ երբեք չկրկնվեն:

«Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես ցավի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միավորում է աշխարհի բոլոր հայերին` ոգեկոչելու 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Միավորում է` ընդդեմ չարի ու ոճրագործության, բռնության ու ահաբեկչության, որը պետք է անպայմանորեն ճանաչվի ու դատապարտվի աշխարհի առաջադեմ մարդկության կողմից: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ են և իրենց ձայնն են բարձրացնում հանուն արդարության հաղթանակի: Թուրք ժողովուրդը պետք է մաքրի իր պատմության այդ սև բիծը և սերունդներին ազատի ծանր ու նվաստատացուցիչ ժառանգությունից: Սա հրամայական է, որից խուսափել չի լինի»,- ասել է նա: