24 ապրիլի 2012 - 15:12 AMT
Վահան Հովհաննիսյան. Օբաման այս տարի էլ չի արտասանի «ցեղասպանություն» բառը

Վահան Հովհաննիսյանը վստահ է, որ Օբաման այս տարի էլ չի արտասանի «ցեղասպանություն» բառը. «Բայց դա ինձ արդեն չի էլ հետաքրքրում, որովհետև ինձ արդեն հետաքրքրում է հաջորդ նախագահը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը:

«Հայերին պակասում է գիտակցությունը, թե ինչ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելուց հետո: Մեր ժողովրդի միասնականությունը իշխանությունը դեռ չի կարողացել ապահովել, որովհետև մինչև հիմա անջրպետները, որ ստեղծվել են անցյալում, հաղթահարված չեն: Սփյուռքահայերն իրենց լիիրավ Հայաստանի ճակատագրի մասնակից չեն համարում, և դա կարծում եմ քաղաքական սխալ է եղել: Միասնականությունը կարող է ապահովել նոր որակ, և այդ նոր որակով կարող ենք հասնել համաշխարհային ճանաչման և ճանաչման Թուրքիայի կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի օրինագծին՝ Հովհաննիսյանը նշեց, որ նախագահի ընտրություններից հետո օրինագծի աշխատանքները կվերսկսվեն. «Վստահ եմ, որ կվերսկսվեն, որովհետև սկսողը մենք ենք լինելու. կսկսենք նորից և կհաղթենք»: