24 ապրիլի 2012 - 17:47 AMT
Հունաստանում ՀՀ դեսպան. Հայ ժողովրդի հետ այս օրը հիշում և ոգեկոչում են աշխարհի բազմաթիվ երկրներ

Ապրիլի 23-ին Աթենքի մարզպետարանի նախաձեռնությամբ և հայ կրոնական առաջնորդների հովանավորությամբ, Նոր Զմյուռնիայի հայկական հուշակոթողի առջև Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստի արարողություն է անցկացվել:

Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հայտնում են, որ ապրիլյան Եղեռնի 1.500.000 զոհերի հիշատակին նվիրված կատարվել է հոգեհանգստի կարգ:

Արարողությանը ներկա են եղել պատգամավորներ Ափոսթոլոս Գաքլամանիսը և Անասթասիոս Ներանծիսը, ինչպես նաև Նոր Զմյուռնիայի քաղաքապետ Սթավրոս Ծուլաքիսը, նախկին քաղաքապետ Եորղոս Քութելաքիսը, փոխքաղաքապետներ Վանկելիս Խաչատուրյանը, Տիոնիսիս Քոնիտարիսը և Նորա Ղալանոփուլուն, քաղաքապետական խորհրդի անդամներ Տիմիթրիս Պիսալասը, Եորղոս Քրիքրիսը, նախկին փոխքաղաքապետ Փարասխոս Տրաքուլիսը: Ներկա էր նաև ՓԱՍՕՔ-ի պատգամավորական թեկնածու տիկին Էլենա Զերվա-Կիվրեճյանը:

Նոր Զմյուռնիայի քաղաքապետարանի նվագախումբը կատարել է հայկական և հունական հոգևոր երգեր:

«Հայերիս համար 20-րդ դարը սկսվեց Օսմանյան Թուրքիայում իրագործված ցեղասպանությամբ և բնաջնջման արհավիրքով, որն իր ճակատագրական ազդեցությունն ունեցավ մեր ազգի ապագայի, հոգեբանության ու գիտակցության վրա»,- իր խոսքում նշել է Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը` հավելելով, որ հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ գործած հանցանք է:

«Ցեղասպանության ցանկացած ոճրագործություն, ում կողմից և ում դեմ էլ այն կատարված լինի, ծանրագույն հանցագործություն է մարդկության դեմ և չունի վաղեմության ժամկետ: Հայ ժողովրդի հետ այս օրը հիշում և ոգեկոչում են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ մեր եղբայրական Հունաստանը, որ դեռևս 1996 թվականին պետականօրեն ճանաչեց և դատապարտեց այս ոճիրը»,- ասել է դեսպանը: