24 ապրիլի 2012 - 19:39 AMT
Բեռլինում հայերը բողոքի ակցիա են անցկացրել Ջեմալ-փաշայի ու Բեհաեդդին Շաքիրի գերեզմանների մոտ

Ապրիլի 24-ին Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի քանի միջոցառում է անցկացվել:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում գերմանահայ համայնքի ակտիվիստ Ժիրայր Քոչարյանը նշեց, որ ապրիլի 24-ին Բեռլինում հայերը բողոքի ակցիա էին կազմակերպել թուրքական մեջիթի մոտ, որտեղ թաղված են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Ջեմալ-փաշան ու Բեհաեդդին Շաքիրը:

«Մեզ այդ ակցիան օգնեցին կազմակերպել նաև թուրքերը: Միջոցառմանը մասնակցել են նաև հույներ, գերմանացիներ, քրդեր, ասորիներ, ներկայացված էին 50-60 կազմակերպություններ: Գերմանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները լուսաբանել են այդ միջոցառումը»,-ասել է Քոչարյանը:

Տեղի ժամանակով 18:00-ին Բեռլինում կմատուցվի պատարագ, որից հետո մշակութային միջոցառում է նախատեսված, ինչպես նաև դասախոսություն:

Ըստ Քոչարյանի, Ֆրանկֆուրտում Թուրքիայի դեսպանատան մոտ ծիսական ծաղկեպսակներ են դրվել: «Մենք արդեն մի շաբաթ է նման միջոցառումներ ենք անցկացնում, թուրքերն անընդհատ փորձում էին խոչընդոտել, նրանք նույնիսկ դասախոս էին հրավիրել Ստամբուլից»,-ասել է Քոչարյանը: