24 ապրիլի 2012 - 19:56 AMT
Ռումինիայում ՀՀ դեսպան. Թուրքիան շարունակում է հայ ժողովրդին և Հայաստանը դիտել որպես սպառնալիք

Ռումինիայում այսօր տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԳՆ-ից` միջոցառումներին մասնակցել են հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաև ռումինական օրենսդիր և տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ և համալսարանականներ:

Բուխարեստի Սուրբ Հրեշակապետաց Հայոց Մայր եկեղեցում կատարվել է հիշատակի հոգեհանգիստ, այնուհետև Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ են դրվել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից իր հակահայ քարոզչության մեջ Եվրոպայում բնակվող թուրք համայնքներին ներքաշելու կապակցությամբ` ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի միջոցառմանը նշել է. «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և նրա ժխտումը դատապարտելուն ուղղված միջազգային հասարակական-քաղաքական գործընթացների դեմ հանվում է ագրեսիվ զանգված: Կրկին բաց է թողնվում հայատյացության հրեշը, որի թարմ դրսևորումներից են փետրվարյան հակահայկական ցուցերը Ստամբուլում: Սրանք շատ վտանգավոր և մտահոգիչ զարգացումներ են, որոնք ցույց են տալիս, որ իրականում Թուրքիան շարունակում է հայ ժողովրդին և Հայաստանը դիտել որպես սպառնալիք, դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Արարողությունից հետո ռումինահայերը Հայաստանի դրոշներով և ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ուղղվեցին դեպի Բուխարեստի Հռոմի հրապարակ, ուր հավաքվածներին և անցորդներին բաժանում էին ցեղասպանության մասին պատմող նյութեր:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաև նաև հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Ֆոկշան, Կլուժ, Գեռլա, Գեորգեն և Դումբրավեն քաղաքներում: Կլուժում հայերին միացել են նաև տեղական մտավորականությունը և հրեական համայնքը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: