24 ապրիլի 2012 - 22:57 AMT
Աշոտ Ղուլյան. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու` մեր կազմակերպված պահանջը պետք է շարունակվի

«Ինչպես հիմա ենք կազմակերպված առաջ տանում Հայոց պահանջատիրությունը և Ցեղասպանությունը ճանաչելու միջազգային ջանքերը, այնպես էլ դրանք պետք է շարունակվեն` անկախ նրանից, թե երբ է այդ ամենն ավարտվելու։ Կարծում եմ, դա նույնիսկ չի էլ ավարտվելու, որովհետև եթե նույնիսկ ընդունենք, որ ամբողջ աշխարհի երկրները, ժողովուրդներն ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը, միևնույն է Հայոց պահանջատիրությունը դրանով չի ավարտվելու, դա իրավական, քաղաքական գնահատական է»,- այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նրա կարծիքով` բազմահազար երթերը դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ խոսում են այն մասին, որ այսօր հայությունն Արցախում, Հայաստանում և Սփյուռքում միավորված է և հաստատակամ` իր պահանջն առաջ տանելու, հետապնդելու մեջ։

«Կարծում եմ այն բեկումը, որ տեղի է ունեցել երկու տասնամյակ առաջ, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը սկսել են իրար ետևից ընդունելի դառնալ աշխարհի խորհրդարաններում և քաղաքական ղեկավարների կողմից` դրանք անպայման շարունակվելու են, քանի որ, այն, ինչ այսօր անում է Թուրքիան վստահաբար չի տեղավորովում ոչ միջազգային իրավունքի, և ոչ էլ միջազգային հարաբերությունների շրջանակում։ Այն, ինչ մենք այսօր ունենք` այս միասնականությունը, հաստատակամությունը շատ կարևոր հիմքեր և նախադրյալներ են, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն առաջ տանել, այլև գրանցել հաջողություններ այս պահանջատիրության ընթացքում»,-հավելել է ԱԺ նախագահ, հաղորդում է Karabakh-open.info-ն: