Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Սալոնիկում և Ալեքսանդրապոլիսում

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Սալոնիկում և Ալեքսանդրապոլիսում

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Սալոնիկի նահանգային և քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Սալոնիկի «Վելիտիո» դահլիճում: Հունահայոց ազգային վարչության անունից ելույթով հանդես եկավ Ակիս Դագազյանը, միջոցառմանը ողջույնի խոսք ուղղեցին Հունաստանի վարչապետի անունից՝ Հունաստանի ենթակառույցների, տրանսպորտի և կապի փոխնախարար Իոաննիս Մակրիոտիսը, Կենտրոնական Մակեդոնիայի Նահանգապետի պաշտոնակատար Դիոնիսիս Փսոնիադիսը, փոխնահանգապետ Ապոստոլու Ձիձիկոստան, Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, հայ երիտասարդության ներկայացուցիչ Գրիգոր Մարուքյանը: Բանախոսեց դասախոս Իլիաս Կուսկուվելիսը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Սալոնիկի մանկական երգչախումբը: Այնուհետև տեղի ունեցավ քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ Հայաստանի դեսպանությունը, համայնքային կազմակերպություններն ու հունական իշխանությունները ծաղկեպսակներ են դրել:

Նույն օրը Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Ալեքսանդրապոլիս քաղաքում:

Ողջույնի խոսքով հանդես եկան հայ համայնքի ներկայացուցիչները, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչը, քաղաքապետի ներկայացուցիչը: Բանախոսեց պատմաբան Վլասիս Ախձիդիսը՝ Հայոց ցեղասպանության պատմական և քաղաքական շրջագիծը թեմայով: ՀՀ դեսպանի ուղերձը ներկայացրեց ՀՀ հյուպատոս Մարատ Մելիքյանը:

Ձեռնարկից հետո տեղի ունեցավ քայլարշավ դեպի Ալեքսանդրապոլիսի Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ տեղադրված խաչքարի առջև կատարվեց հոգեհանգստի արարողություն, որից հետո զետեղվեցին ծաղկեպսակներ:

Ապրիլի 24-ին և 25-ին նախատեսված են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ նաև Հունաստանի Քսանթի և Կոմոթինի քաղաքներում:

Բոլոր միջոցառումներին ներկա էին Հունաստանի տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ և հայկական կառույցների անդամներ: Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները լայնորեն լուսաբանվեցին հունական ԶԼՄ-ներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---