25 ապրիլի 2012 - 09:33 AMT
«Հրապարակ». ԲՀԿ-ում երկու թև է ձևավորվել՝ ծառուկյանական ու քոչարյանական

Ավելի ու ավելի որոշակի են դառնում խոսակցություններն այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում երկու թև է ձևավորվել:

Մեկը` Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, անկոնֆլիկտ մարտավարության կողմնակից է և պատրաստ է ընդունել Հանրապետականի թելադրած խաղի կանոնները: Մյուսը, որ ավելի արմատական է և ուղղորդվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, առճակատման կողմնակից է: Երկրորդ թևի ներկայացուցիչը Վարդան Օսկանյանն է, որին ոմանք ուզում են ընտրություններից հետո նստեցնել կուսակցության ղեկավարի աթոռին: Գլխավոր փաստարկն այն է, որ նա քաղաքական ֆիգուր է, և նրա` ԲՀԿ նախագահ դառնալը բազմաթիվ հարցեր կլուծի, այդ թվում` կուսակցությունը դրսի ուժերի համար կդարձնի ընդունելի, և ԲՀԿ վարկանիշը կբարձրանա: Այս թևը, որպես մաքսիմում ծրագիր, քննարկում է նաև նախագահական ընտրություններում Օսկանյանի թեկնածությունն առաջ քաշելու գաղափարը: