25 ապրիլի 2012 - 10:45 AMT
Լեհաստանաբնակ հայերը երթով հարգել են Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը

Ամեն տարի` ապրիլի 24-ին, Լեհաստանում բնակվող հայ ժողովուրդն իր լեհ բարեկամների հետ նշում է Հայոց Ցեղասպանության բյուրավոր զոհերի հիշատակը` երթերի և տարբեր միջոցառումների ձևով: Լեհաստանաբնակ հայերը PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ այս տարվա ապրիլի 24-ի երթը, որին մասնակցում էին Վարշավայում և տարբեր քաղաքներում` Լոձում, Պլոցկում, Մինսկ-Մազովիեցկիում, Կիելցեում, Լուբարտուվում, Կրակովում, Օլշտինում, բնակվող բազմաթիվ հայեր, կազմակերպվել էր Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ՎարշավայիԾխական Խորհրդի կողմից` գլխավորությամբ Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի:

Բազմաթիվ հայերի և լեհերի մեծ բազմություն էր հավաքվել Վարշավայի Հրեշտակաց Աստվածամոր կաթոլիկ եկեղեցու բակում, որտեղ տեղի ունեցավ Հոգեհանգստյան արարողություն` Ցեղասպանության զոհ դարձած հայոց հոգիների խաղաղության համար: Հոգեհանգստից հետո Լեհահայոց հոգևոր հովիվ Հայր Տաճատն օրվա խորհրդի հետ կապված իր խոսքն ուղղեց հավաքված ներկաներին: Այնուհետև մարդկանց հոծ բազմությունը` հայկական դրոշներով և Հայոց Ցեղասպանությունն իրականացնողներին դատապարտող ցուցապաստառներով, շարժվեց դեպի Թուրքիայի դեսպանատուն, որի առջև ելույթներ ունեցան Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վարշավայի Ծխական Խորհրդի անդամներ Էդգար Բրոյանը և Աշոտ Ներսիսյանը` մեղադրական և պահանջատիրական խոսքեր ուղղելով թուրքական կառավարությանը` Հայոց Ցեղասպանության հանդեպ առ այսօր նրա դրսևորած ժխտողական քաղաքականության և կեցվածքի համար:

Պատմության մեջ առաջին անգամ Լեհաստանում ապրող հայերը մեծաթիվ էին ներկայացել բոլորիս համար այս մեծ ողբերգական օրը` դրանով ցույց տալով աշխարհին իրենց միասնականությունը և վճռականությունը հայոց համար խիստ կարևոր և համազգային խնդրում: