25 ապրիլի 2012 - 11:59 AMT
Արմեն Գևորգյանն ընդունել է Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողների խմբին

ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն ապրիլի 24-ին ընդունել է Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողների խմբին: ՏԿ նախարարությունից հայտնում են, որ փոխվարչապետն ուշագրավ է համարել, որ լրագրողները Հայաստան են այցելել այն օրերին, երբ հայ ժողովուրդը նշում է Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Ապրիլի 24- ին ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում հարգանքի տուրք է մատուցվում անմեղ նահատակների հիշատակին:

Կարևորելով ճանաչողական բնույթի այցերը` Գևորգյանը նկատել է, որ լրագրողները լավ հնարավորություն ունեն ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը: Օրերս Երևանը պաշտոնապես հռչակվեց 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք, բացի այդ, Հայաստանն այս տարի նշում է հայ գրատպության 500-ամյակը:

Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձևավորված բարեկամական կապերը և հատկապես զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները:

Նա հույս է հայտնել, որ Եգիպտոսում առաջիկա նախագահական ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կակտիվանան: Փոխվարչապետի խոսքով` փոխգործակցության հատկապես մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում: