25 ապրիլի 2012 - 14:38 AMT
Սամվել Ալեքսանյանի շտաբն իր կողմնակիցներին կոչ է արել «չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին»

7-րդ ընտրատարածքում մեծամասնական թեկնածու Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մեղադրանքները, որոնք հնչեցրել է այդ ընտրատարածքում Ալեքսանյանի մրցակից Նիկոլ Փաշինյանը: «Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ պնդումներն ամբողջովին հիմնազուրկ են և ընդամենը բխում են իր մոտալուտ ջախջախիչ պարտությունն ակնհայտորեն զգացող Նիկոլ Փաշինյանի ընտրական մարտավարությունից»,- ասվում է հայտարարության մեջ:

Ալեքսանյանի ընտրական շտաբն իր կողմնակիցներին կոչ է արել «չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին»` նշելով նաև, որ վերջինս տառապում է «հետապնդման մոլուցքով»:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):