25 ապրիլի 2012 - 14:34 AMT
Հոլանդական Ալմելոյում Հայաստանի հետ համատեղ մշակութային ծրագրեր կիրականացվեն

Ապրիլի 25-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ալմելոյի քաղաքապետ տկն. Յոն Հերմանս-Ֆլուդբելդի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ՀՀ դեսպանն Ալմելոյի քաղաքապետին շնորհակալություն հայտնեց հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար և կարևորեց համայնքային կրթամշակութային ծրագրերին շարունակական աջակցությունը: Տկն. Աղաջանյանը վստահեցրեց, որ ՀՀ դեսպանությունն ամեն կերպ իր օժանդակությունը կբերի նման հարցերում, քանի որ կարևորում է թե՛ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից հոլանդական հասարակության լիիրավ անդամ դառնալը, և թե՛ ազգային ինքնության ու մշակույթի պահպանումը:

Տկն. Հերմանս-Ֆլուդբելդը նշեց, որ հայ համայնքը լավ ինտեգրված է, Ալմելոյում ամենամեծաթիվ էթնիկ խմբերից է, և պատրաստակամություն հայտնեց ծագած խնդիրներին ականջալուր լինել և, ըստ հնարավորության, լուծումներ տալ:

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկումներով, համատեղ մշակութային ծրագրեր իրականացնել, ինչը հնարավորություն կտար հոլանդական հասարակությանն առավել անմիջականորեն ծանոթանալ հայ ժողովրդի կրթական ու մշակութային ժառանգությանը: