25 ապրիլի 2012 - 15:43 AMT
ԵՄ Խորհրդատվական խումբը ներկայացրել է հաշվետվությունը 2012թ. առաջին եռամսյակի վերաբերյալ

Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական միության Խորհրդատվական խմբի խորհրդի 9-րդ նիստը, որում ներկայացվել են 2011 թվականի և 2012թ. առաջին եռամսյակի վերաբերյալ հաշվետվությունները:

Ելույթ ունենալով նիստում` Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Տրայան Խրիստեան հայկական կողմին կոչ է արել առավել արդյունավետ աշխատանքի համար օգտվել կոնցեպտուալ խորհրդատվություններից, ինչպես նաև գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրին:

Խրիստեան նաև հաստատել է ԵՄ մտադրությունները Արևելյան գործընկերության շրջանակներում ինստիտուտիցոնալ բարեփոխումների համար զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտն իր հերթին հայտնել է, որ եթե հայկական իշխանություններն իսկապես շահագրգռված են ԵՄ հետ արդյունավետ համագործակցությամբ, ապա պետք է վերացնեն ներդրումների և առևտրի ճանապարհին առկա արգելքները: «Խորհրդատվական օգնությունը մեր կողմից չի պարտադրվում, այլ բխում է ընդհանուր շահերից»,- նկատել է նա այս կապակցությամբ:

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին փոխարինող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն իր հերթին աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ԵՄ խորհրդատուների խմբի ղեկավար Անտի Խարտիկայնենին, որն ավարտել է իր առաքելությունը Հայաստանում: