25 ապրիլի 2012 - 14:50 AMT
Սանկտ Պետերբուրգի հայերը ապրիլի 24-ին հանրահավաք են կազմակերպել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության մոտ

Ապրիլի 22-ից 24-ը ՌԴ Հյուսիս-արևմտյան տարածաշրջանում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ապրիլի 22-ին Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության մոտ գտնվող պուրակում Հայ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպվել էր հանրահավաք` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայ առաքելական եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից:

Այնուհետև եկեղեցում ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի մատուցվեց հոգեհանգստի պատարագ, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք: Հանրահավաքին ելույթով հանդես եկան Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանն, ինչպես նաև հյուրեր ՌԴ հասարակական կազմակերպություններից:

Երեկոյան Սանկտ Պետերբուրգի Սմոլնի տաճարում կայացավ հիշատակի մեծ համերգ: Երեկոյին ներկա էին Սանկտ-Պետերբուրգի վարչակազմի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հյուպատոսներ, քաղաքի մտավորականներ: Համերգից առաջ ելույթի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը և Սանկտ-Պետերբուրգի Ուղղափառ Հոգևոր Ակադեմիայի ռեկտոր Եպիսկոպոս Ամվրոսին:

Նույն օրը Կալինինգրադի Հոգևոր մշակութային կենտրոնում կայացավ Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված պսակադրություն և հոգեհանգստի արարողություն: Միջոցառմանը ներկա էին Կալինինգրադի մարզի ազգամշակութային ինքնավարությունների ղեկավարներ, Կալինինգրադի կառավարության աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանն ելույթով հանդես եկան Հայ ազգամշակութային ինքնավարության նախագահ Ֆելիքս Գևորգյանը, Սուրբ Ստեփանոս Հայ Առաքելական եկեղեցու քահանա Տեր-Թորոս Եսայանը:

Երեկոյան Կալինինգրադում կայացավ «Կատաստրոֆա.Գենոցիդ» վավերագրական ֆիլմի ցուցադրում, ուր ներկաների առջև ելույթ ունեցավ Կալինինգրադում ՀՀ պատվո հյուպատոս Յուրի Քաջոյանը:

Հիշատակի միջոցառումներ անցկացվեցին նաև ՌԴ Արխանգելսկում, Կարելիայի Հանրապետությունում, Պսկովում և Վոլոգդայի մարզում: