25 ապրիլի 2012 - 15:18 AMT
Տ. Տիրատուր քահանա Սարդարյան. Հայ ժողովուրդը բազմիցս խաչին է բարձրացվել, սակայն միշտ հարություն է առել

1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ապրիլի 21-ին Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքը, Նեկարսուլմ քաղաքի Հայ-Գերմանական մշակութային միությունը և Էսլինգեն քաղաքի «Մարալ» սպորտային և մշակութային միությունը համատեղ կազմակերպել էին սգո միջոցառում: Միջոցառումը տեղի է ունեցել Շտուտգարտի կենտրոնական եկեղեցում՝ Շտիֆտսկիրխեում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքից` երեկոյին ներկա էին բարձրաստճան պաշտոնյաներ, մտավորականներ և մոտ 200 համայնքի անդամներ ու հյուրեր: Երեկոն սկսել է էկումենիկ հոգեհանգստյան արարողությունով: Համայնքի հոգևոր հովիվ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանը իր ողջույնի խոսքում նշել է, որ զատկական այս շրջանին անհնար է անտեսել այն փաստը, որ հայ ժողովուրդը թեպետ և բազմիցս խաչին է բարձրացվել, սակայն միշտ հարություն է առել Հիսուս Քրիստոսի հետ միասին:

Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հ. Գրիգորյանը նշեց, որ 20-րդ դարի սկզբին հայ ազգի նկատմամբ կատարած ցեղասպանության պատշաճ կերպով դատապարտության բացակայությունը և հանցագործի նկատմամբ համապատասխան պատժամիջոցի չկիրառումը բերեց նրան, որ հայ ազգը նույն դարի վերջում իր պատմական Հայրենիքի վրա՝ այսօրվա Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում, ենթարկվեց ջարդերի:

«2005 թվականի գերմանական խորհրդարանի ընդունած որոշումն այն որոշումը չէ, որը մենք ցանկանում ենք: Բայց այն այսօրվա դրությամբ թեմային վերաբերող ամենաբարձր իրավական ակտն է Գերմանիայում, որն իր հերթին մեզ գործելու, խնդրի արդիականությունը զարգացնելու իրավական հնարավորություն է տալիս»,- ասաց Գրիգորյանը: