25 ապրիլի 2012 - 15:19 AMT
Զարուհի Փոստանջյան. Կեղծ բարեգործության անվան տակ կուսակցություններն ընտրակաշառք են բաժանում

Կեղծ բարեգործության անվան տակ կուսակցություններն ընտրակաշառք են բաժանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակացության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ նրանք նաև հանրային վայրերին պատկանող շենքերին փակցնում են իրենց նախըտրական պաստառները:

Պատգամավորը կարծում է, որ եթե նման արտոնություն տրամադրվում է որևէ կուսակցության, ապա պետք է մյուսներին նույնպես տրամադրվի. «Այլապես ստացվում է մեկին ամեն ինչ, մնացածին՝ ոչինչ»: Փոստանջյանը նաև կոչ է անում ընտրողներին չվերցնել ընտրակաշառք: «Ընտրակաշառքը փշրանք է, պետք չէ վերցնել այդ փշրանքները, այլ գնալ ընտրության խղճին համահունչ»,-ասել է նա:

Անդրադառնալով այն վրիպակին, որը տեղի էր ունեցել ԿԸՀ ներկայացրած «Ժառանգության» ցուցակում` Փոստանջյանը ասել է, որ շուտով այդ խնդիրը լուծում կստանա. «Համակարգչով աշխատելիս վրիպակ կարող են թույլ տալ բոլորը: Այս դեպքում էլ նույնն է տեղի ունեցել, և պետք չէ դրանից աղմուկ ու փոթորիկ անել, պարզապես այն տեղեկատվությունը, որը պետք է փոխանցեր, չի հասել»,-նշել է նա:

Պատգամավորը հավելել է, որ որևիցե խախտում տեղի չի ունեցել, քանի որ եթե կուսակցությունը չի ներկայացնում իր ցուցակը ԿԸՀ նշված ժամկետում, ապա հանձնաժողովի նախագահը պարտավոր է այդ տեղերը տրամադրել այլ կուսակցության: