26 ապրիլի 2012 - 11:48 AMT
Հունիսի 12-ին ԵՊԼՀ-ն նոր ռեկտոր կընտրի

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն բաց մրցույթ է հայտարարել: PanARMENIAN.Net-ին նախարարույթունից տեղեկացրեցին, որ ԵՊԼՀ պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր: Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ` հիմնադրույթներ: Դիմումները կընդունվեն մայիսի 2-ից մինչև հունիսի 1-ը, իսկ մրցույթը տեղի կունենա հունիսի 12-ին Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: