12 մայիսի 2004 - 17:59 AMT
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՉԻ ԸՆԿԱԼՈՒՄ ՎՐԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ ՈՐՊԵՍ ԷԹՆԻԿ ԲԱԽՈՒՄ
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հակված չէ վրացիների եւ հայերի միջեւ երկրի Ծալկայի շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքը դիտարկել որպես էթնիկ բախում: «Դա ազգամիջյան բախում չէ: Դա ուղղակի հասարակ կռիվ է եղել վրացիների եւ հայերի միջեւ: Սակայն մենք չենք թույլ տա իրավակարգի խախտումներ եւ մատդիր չենք ներքաշվել սադրանքի մեջ»,- երեկ լրագրողներին է հայտարարել Վրաստանի նախագահը: Նա նշել է, որ «Աջարիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Վրաստանի թշնամիները նահանջեցին»: «Մեր հարեւանները չեն թաքցնում իրենց հիացմունքը Աջարիայի իրավիճակի խաղաղ հանգուցալուծմամբ: Ինձ հետ հեռախոսազրույցում դա են արտահայտել Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահները»,- ասել է Սահակաշվիլին: Նրա խոսքերով, «Վրաստանի որոշ թշնամիներ ցանկանում են երկիրը ներքաշել նոր հակամարտության մեջ»: «Մենք թույլ չենք տա շանտաժի ենթարկել մեզ եւ բոլորին համարժեք պատասխան կտանք»,- ասել է Սահակաշվիլին: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ծալկայի շրջկենտրոնում (Արեւելյան Վրաստան) ֆուտբոլային խաղից հետո, որին մասնակցում էին տեղի գյուղերի երիտասարդ բնակիչները, ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների եւ հայերի միջեւ: Ծեծկռտուքի արդյունքում մոտ 10 հոգի ստացել են վնասվածքներ: Շրջան է մտցվել Վրաստանի ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանում: