26 ապրիլի 2012 - 16:46 AMT
Համաշխարհային պատերազմի երևանցի վետերանները հաղթանակի 70-ամյակի առթիվ կհրավիրվեն Պետերբուրգ

Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերին նվիրված միջոցառումների շրջանակում Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան հանդիպեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի երևանաբնակ վետերանների հետ և Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքի ղեկավարության անունից նրանց հուշանվերներ փոխանցեց:

«Չափազանց հուզված եմ ձեզ տեսնելով: Սանկտ Պետերբուրգի ղեկավարությունը մշտապես մտածում է բլոկադային Լենինգրադը վերապրած այն վետերանների մասին, ովքեր այժմ բնակվում են Երևանում: Կուզեի նաև նշել, որ մենք գնահատում ենք այն ակտիվ գործունեությունը, որը ծավալում է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը», - ասաց Օլգա Կազանսկայան:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի վետերանների միության ներկայացուցիչներ, ռուս համերկրացիների հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակում ցուցադրվեց «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության կողմից պատրաստված Հայաստանում ռուսաց լեզվին նվիրված միջոցառումների մասին կարճամետրաժ վավերագրական ֆիլմը:

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը նշեց, որ երեք տարի անց նշելու են Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը, հավելելով, որ «պատրաստվում են Պետերբուրգ հրավիրել բոլոր վետերաններին»: