12 մայիսի 2004 - 19:30 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՂԸ
Լեռնային Ղարաբաղը չի կարող ենթակա լինել պաշտոնական Բաքվին: «Արմինֆո» գործակալությանը նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի երկրների գծով զեկուցող Պեր Գարտոնը: Նրա խոսքերով, կարեւոր չէ, թե Ղարաբաղը որ երկրի մաս է կազմում, եթե «նա իրեն ապահովում է պարենով ու ինքնավար կյանք է վարում»: Գարտոնը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի մի մասը, սակայն, նրա կարծիքով, կարելի է կարգավորել նրանց միջեւ առկա խնդիրը` «բացելով Հայաստանի հետ սահմանը, եւ առեւտրային հարաբերություններ հաստատելով նրա հետ այնպես, որպեսզի հնարավոր լինի ազատ երթեւեկել Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքներում»: «Այս դեպքում հնարավորություններ են բացվում մարաթոնային բանակցությունների համար: Լուծումը ոչ թե անկախության հռչակման մեջ է, այլ երկրների միջեւ խաղաղ հարաբերությունների հաստատման, սահմանների բացման եւ երկրի ներքին քաղաքականությունում ինքնաբավարարության մեջ է»,- նշել է Գարտոնը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է դրանում ներգրավված երկրների ցանկությունը: Դա հնարավոր կդառնա խաղաղ իրավիճակի հետագա պահպանման, սահմանների բացման, ըստ քաղաքացիության մարդկանց տարբերակման բացակայության դեպքում: Այդպես են, օրինակ, վարվել Սկանդինավյան երկրներում եւ Եվրոպայում, երբ բաց սահմանների պայմաններում այս կամ այն երկրին պատկանելության հարցը երկրորդ պլան էր մղվել, նշել է Գարտոնը: