12 մայիսի 2004 - 20:16 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՌԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ
Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ վերջապես ազատվի այդ բեռից: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի երկրների գծով Եվրախորհրդարանի զեկուցող Պեր Գարտոնը` այսօր Երեւանում ելույթ ունենալով «Ընդարձակ Եվրոպա.նոր հարեւաններ`Հայաստանի սպասումները» թեմայով կոնֆերանսում: Նրա խոսքերով, Եվրամիությունը այս տարի եւս վերահաստատեց իր որոշումը, եւ կրկին պարտավորեցրեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անկարայի կողմից ցեղասպանության փաստի ժխտումը միամտություն է, քանի որ ժամանակին հենց Ստամբուլի դատարաններն էին մահապատժի դատապարտել թուրք գործիչներին, ովքեր կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է եվրախորհրդարանականը: «Որտե՞ղ կլիներ այսօր Գերմանիան, եթե չընդուներ իր գործած հոլոքոսթը: Համենայն դեպս, ոչ եվրոպական կառույցներում»,- նշել է Պեր Գարտոնը: Միաժամանակ, պատգամավորը կողմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, ինչը, իր խոսքերով, կնպաստի նաեւ տարածաշրջանային խնդիրների լուծմանը, մասնավորապես` հայ-թուրքական սահմանի բացմանը: