27 ապրիլի 2012 - 11:09 AMT
ԵԱՀԿ-ն ցանկանում է բարձրացնել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին իրազեկվածությունը

Օրենսդրական դրույթների և միջազգային չափորոշիչների իմացությունը կարևոր է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Այսօր ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման մասին աշխատաժողովի ընթացքում այս կարծիքն է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունդուլովը:

«Կարծում եմ` պետք է տեղեկացված լինենք պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կողմից ձեռնարկվող բոլոր գործողությունների և միջոցառումների մասին»,- ասաց Չունդուլովը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է նաև փոքրամասնությունների լեզուների գործածման հարցը վարչական իշխանությունների հետ հաղորդակցվելիս, փոքրամասնությունների իրավունքների մասին իրազեկության և բարելավված օրենսդրության ու պրակտիկայի հարաբերակցությունը, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակի դերը` որպես փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևոր մեխանիզմ:

«ՀՀ ԱԳՆ-ն` հանձին մեր վարչության, ակտիվ գործունեություն է ծավալում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Հայաստանում լավ են գիտակցում, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն լինելը, քանի որ հայերը շատ երկրներում են ազգային փոքրամասնություն կազմում»,- ասաց ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը` հույս հայտնելով, որ երկրի բարելավմամբ կբարձրանա նաև ազգային փոքրամասնությունների զարգացմանը տրամադրվող կառավարության ֆինանսավորումը:

Աշխատաժողովին ներկա են եղել ներկայացուցիչներ ՀՀ նախագահի աշխատակազմից, ԱԳՆ-ից, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող պետական կառույցներից, Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակից, ինչպես նաև Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքներից: