27 ապրիլի 2012 - 17:45 AMT
Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում սկսվել է ծաղկահավաքը

Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում այսօր սկսվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թերևս ամենագունեղ և խորհրդանշական միջոցառումը`ծաղկահավաքը: ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ իրականացվող ծաղկահավաքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքում հավաքեց բազմաթիվ կամավորների, կազմակերպությունների, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, կրթհամալիրների և ԲՈՒՀ-երի ուսանողների, որոնք կյանքի կոչեցին FPWC-ի նախաձեռնությունը` նոր կյանք պարգևելով ապրիլի 24-ին Մեծ եղեռնի հուշարձանի անմար կրակի մոտ նվիրաբերված ոգեկոչման ծաղիկներին:

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց: 2010 թվականից, սակայն, վերամշակման շնորհիվ արդեն երեք տարի ծաղկահավաքը երկրորդ կյանք է պարգևում անմեղ նահատակների համար խոնահրված ծաղիկներին:

«Երկրի օրվա» շրջանակներում, անմար կրակի մոտ բերված ծաղիկների ցողուններից պարարտախառնուրդ է ստեղծվում՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը խնամքով հավաքվում են, չորացվում, ապա վերամշակվում: Վերամշակված թուղթը օգտագործվում է նաև խորհրդանշական ձևով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար:

«Անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող յուրաքանչյուր ծաղիկ հարգանքի տուրք լինելուց բացի` կարևոր դեր կարող է ստանձնել մեր ընդհանուր գործում: Ծաղիկների վերամշակման արդյունքում տպագրված հուշագրերը, շնորհակալագրերն ու հրավիրատոմսերը յուրօրինակ են` դրանցում տեսանելի ծաղկի թերթիկների շնորհիվ: Դրանք հաստատում են 20-րդ դարասկզբին իրականացված հայոց ցեղասպանության փաստի անհերքելիությունն ու կոչ անում հիշելու այդ փաստի մասին` ինքնատիպ դեսպան դառնալով Հայաստան այցելած օտարերկրացու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Թեև նախաձեռնողն ենք, բայց մենք ձգտում ենք նրան, որ մեզ հետ, թե առանց մեզ` ծաղկահավաքը գեղեցիկ ավանդույթ դառնա և շարունակական բնույթ կրի»,-ասել է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: