27 ապրիլի 2012 - 18:20 AMT
Ամփոփվեցին «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի արդյունքները

Եվրամիության և Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ «PEOPLE IN NEED» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիաի հետ համատեղ իրականացրել են «Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների հետ համագործակցություն» թեմատիկ ծրագրի «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագիծը որի ավարտական տվյալները ներկայացվեցին այսօր:

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեության բաժնի ղեկավար Ժան Քրիստոֆ Գայրանը ողջունելով ծրագիրը փաստեց, որ այն հասել է շոշափելի արդյունքների:

Վերջին երեք տարիներին թիրախային 4 մարզերում (Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք և Լոռի) և Երևանում տեղեկատվական կենտրոնները խորհրդատվությւոն են տրամադրել Եվրամիության և ԱՊՀ երկրների միգրացիոն օրենսդրության վերաբերյալ և բացատրել ապօրինի միգրացիայի հետևանքները`Հայաստանի քաղաքացիների ապօրինի միգրացիայի հոսքը կանխելու նպատակներով: Ապօրինի միգրացիայի կանխարգելմանն աջակցելու և Հայաստան կամավոր վերադարձած անձանց վերաինտեգրմանն օժանդակելու նպատակով` ծրագիրն իրականացրել է իրազեկման միջոցառումներ և վերապատրաստման դասընթացներ, վերանայել է օրենսդրական դաշտը և ստեղծել միգրացիոն առցանց պորտալ:

Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը կարևորեց ծրագիրը, որն ըստ նրա կայացավ և լուծեց իր առջև դրված խնդիրները:

Ծրագիրը իր մեջ ներառում է երեք հիմնական տարրեր, որոնք հիմք են հանդիսանում անօրինական միգրացիայի կանխարգելմանը և վերադարձողներին իրենց տեղը հայրենիքում գտնելու հնարավորությանը:

Ծրագրի շրջանակներում, պայմանավորված փորձի փոխանակման անհրաժեշտությամբ, նախատեսվում են թեմատիկ այցեր դեպի Ուկրաինա և Չեխիա:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայության գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը ներկայացրեց համատեղ արված նախագծերը, որի հետ համատեղ կազմակերպվել են մի շարք վերապատրաստման դասընթացներ վերադարձած անձանց և հավանական միգրանտների համար, ինչի արդյունքում վերապատրաստում անցած շահառուների 50 տոկոսն աշխատանք է գտել:

Հայրենիք կամավոր վերադարձած անձանց նաև հնարավորություն է տրվել փոքր դրամաշնորհներ ստանալու և Հայաստանում սեփական բիզնեսը հիմնելու համար:

Ընդհանուր առմամբ ֆինանսավորվել է 27 բիզնես ծրագիր, որի արդյունքում սեղծվել են ավելի քնաի 110 նոր աշխատատեղ: