27 ապրիլի 2012 - 18:55 AMT
Էդուարդ Շարմազանովը Ֆրանկ Նորդհաուզենին ներկայացել է ԼՂՀ հիմնահարցի շուրջ իր դիտարկումները

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 26-ին ընդունել է գերմանացի լրագրող Ֆրանկ Նորդհաուզենին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից` եվրոպացի լրագրողին հետաքրքրել են Էդուարդ Շարմազանովի գնահատականները Ազգային ժողովի ընտրությունների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ԼՂՀ հիմնախնդրի եւ Իրանի շուրջը ծավալվող հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Խոսելով ԱԺ ընտրությունների մասին` Շարմազանովը նշել է, որ ՀՀ իշխանությունները վճռական են տրամադրված արդար ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ԱԺ փոխնախագահն ասել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից մնալ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն եւ դեմ է ցեղասպանության եղելությունը քննարկման նյութ դարձնելուն:

Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնահարցին, ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Այնինչ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները եւ հարցը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր փայփայում:

Անդրադառնալով Իսրայելի` Իրանի դեմ պատերազմ սկսելու հնարավորությանը եւ դրա հետեւանքներին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը Իրանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ եւ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է:

Ըստ ԱԺ փոխնախագահի` ռազմական ճանապարհով խնդրի լուծումը հղի է բազում վտանգներով, տարածաշրջանային սոցիալական լուրջ աղետով:

Էդուարդ Շարմազանովը լրագրողի խնդրանքով անդրադարձել է նաեւ Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը, Հայաստանի եվրաինտեգրման ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: