14 մայիսի 2004 - 18:18 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՐՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԴԻՄԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանը չի համաձայնվել տրանսպորտային հաղորդակցության վերականգնման դիմաց ադրբեջանական 7 տարածքների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը, մայիսի 13-ին Սթրասբուրգում Ադրբեջանի ԱԳՆ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից հետո հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Օսկանյանի խոսքերով` բանակցությունների ընթացքում չեն քննարկվել կոնկրետ առաջարկություններ` կողմերը միայն մտքեր են փոխանակել յուրաքանչյուր կողմից արված առաջարկությունների առնչությամբ: Երկու նախարարներն էլ հայտարարել են, որ խորհրդակցություններն անցել են փոխըմբռնման մթնոլորտում: Նշենք, որ մայիսի 13-ի առավոտյան տեղի է ունեցել երկու նախարարների առանձնազրույցը, իսկ ցերեկը` հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: