28 ապրիլի 2012 - 11:26 AMT
Մայիսի 1-ին Բուսաբանական այգում նախատեսվում է բնասերների հավաք

Երևանի բուսաբանական այգում իրականացվող լայնածավալ բարեկարգման աշխատանքների ավարտին «Բուսաբանական այգու բարեկամներ» կամավորների խմբի նախաձեռնությամբ մայիսի 1-ին այգում նախատեսվում է բնասերների հավաք, որը կուղեկցվի նախապես պատրաստված տեղեկատվական ցուցանակաների տեղադրմամբ:

Ցուցանակները պատրաստվել են Բաց hասարակության hիմնադրամներ – Հայաստան-ի Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, ժամանակակից չափանիշներին համապատասխան և կրում են էկոկրթական, բնապահպանական և կարգապահական բնույթի տեղեկություն նախատեսված այգու այցելուների համար:

Նախաձեռնության մասնակիցները հրավիրում են նաև այլ կամավորների և բնասերների մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ին, Երևանի բուսաբանական այգի՝ բարեկարգման աշխատանքներին մասնակցելու և ուղղակի հաճելի ժամանց անցկացնելու համար: Նախաձեռնող խումբը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտին ծրագրին աջակցելու համար: