
Համացանցում լուրեր են տարածվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերականգնում է Աբովյան փողոցի մայթերի բուտիկները: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձեց տեղեկատվությունը ճշտել հենց քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչության ավագ մասնագետ Արթուր Սարուխանյանը հերքեց տեղեկատվությունը՝ ասելով, որ «նման բան լինել չի կարող» և որակելով տեղեկությունը որպես հերյուրանք:
PanARMENIAN.Net-ի թղթակիցը այցելել է նաև Աբովյան փողոց՝ տեղում պարզելու, թե իրականում ինչ է կատարվում: Տեսարանը հետևյալն է. նախկին բուտիկների տարածքում հիմա կատարվում են մայթերի վերականգնման, բարեկարգման աշխատանքներ: Սակայն հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. քանդել են ոչ բոլոր բուտիկները, և, օրինակ, «Բիզոնը» շարունակում է իր տեղում մնալ, թեև չի գործում: Չեն քանդել նաև բացօթյա սրճարանների հիմքերը ու սահմանագիծ եզրաքարերը: Այս ամենը մտածելու տեղիք է տալիս` ինչ իմաստ ունի սարքելը, եթե դեռ ամբողջությամբ չեն քանդել: Կամ էլ գուցե մտադի՞ր չեն ամբողջությամբ քանդել: