29 ապրիլի 2012 - 18:16 AMT
Նոր Նախիջևանի «Հայասա» պարային համույթը ներկայացրեց «Հայոց աշխարհ» բեմադրությունը

Ապրիլի 28-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի «Հայորդյաց տան» «Հայասա» պարային համույթն առաջին անգամ ներկայացավ «Հայոց աշխարհ» թատերականացված բեմադրությամբ` նվիրված գրատպության 500-ամյակին: Հանդիսատեսը պարի միջոցով հաղորդակից դարձավ հայոց պատմության կարևոր դրվագներին` սկսած քրիստոնեության ընդունումից մինչև մեր օրերը: Համույթի անդամները բեմ հանեցին հայկական ազգագրական և արդի պարերի ծաղկաքաղ, որոնց կատարման մեջ իր մասնակցությունն ունեցավ նաև պարուսույց, գեղարվեստական ղեկավար Արփինե Ամիրյանը:

Պարուհիները ներկայացրել են «Նազանք», «Չինար ես», «Զուռնի տրնգի», «Հուշեր» պարերը, իսկ տղաները` խրոխտ հայոց քոչարին ու Սասնա առնական պարերը:

Բեմում աղջիկները կերտել են հայոց օրհնյալ լեռան կենդանի պատկերը, որն աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայի համար հայրենիքի խորհրդանիշ է` որպես ամբողջական Հայաստանի և աշխարհացրիվ տասը միլիոն հայության վերջին կայան:

Համերգի ավարտին թեմակալ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն իր օրհնությունը բաշխեց ամենքին և գնահատանքի խոսք ասաց համերգի մասնակցիներին ու կազմակերպիչներին: Սրբազան հայրը նաև տեղեկացրեց, «Հայասա» պարային խումբը շուտով կմեկնի Արգենտինա և ելույթներ կունենա Բուենոս Այրեսում: