30 ապրիլի 2012 - 10:53 AMT
Հայաստանում 2005-2010թթ-ի ընթացքում նվազել է մանկական մահացության ցուցանիշը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը և ՀՀ առողջապահության նախարարությունn այսօր ներկայացրեցին ՀԺԱՀ 2010-ի հիմնական արդյունքները: Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը հանրապետության մակարդակով ներկայացուցչականությունն ապահովող ընտրանքային հետազոտություն է, որը ժողովրդագրական բնութագրիչների միջոցով վերլուծական տեղեկատվություն է տրամադրում առողջապահական թեմաների և խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև արծարծված հարցերի շուրջ երկրում տեղի ունեցող առաջընթացների վերաբերյալ:

Հարցման դիտանկյունում են գտնվել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ծնելիությունը, հակաբեղմնավորման մեթոդների կիրառումը, մոր և մանկան առողջությունը, երեխաների սնուցումը, մանկական մահացությունը, առողջության պահպանման օղակների մատչելիությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին իմացությունը և վարքագիծը, ինչպես նաև այլ թեմաներ:

ՀԺԱՀ-2010-ի արդյունքներով, 2005-2010թթ-ի ընթացքում մանկական մահացության ցուցանիշները նվազել են` 26 մահից մինչև 13 մահ` 1000 կենդանածնի հաշվով:Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող նվազագույն պատվաստումների ամբողջական փաթեթի պատվաստումները ստացած 18-29 ամսական երեխաների մասնաբաժինն աճել է 2005թ-ի 74 տոկոս ցուցանիշից մինչև 87 տոկոս 2010թ-ին: Մյուս կողմից, մինչև հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյունք է, իսկ նույն տարիքային խմբի երեխաների 15 տոկոսն ունի գերքաշության խնդիր: Ինչպես ՀԺԱՀ 2000 և 2005թթ, այնպես էլ 2010թ-ին կանայք միջինում ունենում են 1.7 երեխա:

ՀԺԱՀ 2010-ի արդյունքների համաձայն 2008թ-ի հուլիսի մեկից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի հաստատումը նպաստեց շուրջ 10 անգամ ծննդաբերությունների համար կատարվող ոչ պաշտոնական վճարումների կրճատմանը (մինչև 2008թ. հուլիսի 1-ը` 82.4%, իսկ 2008թ-ից հետո` 7.9%):

Ստացված արդյունքները ղեկավար մարմիններին, այս ոլորտի քաղաքականությունը մշակող անձանց հնարավորություն են ընձեռում առավել նպատակային և իրատեսական ֆինանսական ծրագրեր մշակելու համար:

ՀԺԱՀ 2010-ի ժամանակ ավելի քան 7.000 տնային տնտեսություններում իրականացվել են հարցումներ, որում ընդգրկվել են 15-49 տարեկան 5.922 կանայք և նույն տարիքային խմբի 1.584 տղամարդիկ: ՀԺԱՀ ծրագրի ֆինանսավորումը տրամադրել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (USAID Armenia):

ՀԺԱՀ ծրագրին աջակցություն են ցուցաբերել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը (UNFPA) և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակը (UNAIDS): Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության Հարցերի Հետազոտությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանում իրականացվում է 3-րդ անգամ (2000, 2005 և 2010թթ), որի դաշտային աշխատանքներն անցկացվել են 2010թ-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: