30 ապրիլի 2012 - 13:28 AMT
Ոստիկանություն. Ընտրացուցակներից արդեն իսկ հանվել է 3278 մահացածի անուն

2012 թ. մարտի 27-ից մինչև ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմիններից, ԶԼՄ-ներից, նախընտրական շտաբներից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել և մշակվել է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգման արդյունքում մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել:

34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել: Ստուգման փուլում է գտնվում 99-ը: 752 անձի անհատական տվյալները առկա չեն եղել ՀՀ ընտրողների ռեգիստրում: Այսպիսով, նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության և պրոֆիլակտիկ ծառայությունների ուժերով մշակվել են 4462 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ, որից 4363-ի ընթացքը լուծվել է, 99-ը գտնվում է ուսումնասիրության փուլում:

Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ԱՎՎ-ում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել 134 ահազանգ` 196 անճշտության վերաբերյալ:

ՀՀ ոստիկանությունը վերստին հիշեցնում է. «Չկա մի դեպք, երբ համապատասխան ատյաններից մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստացված լինեն և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բնակչության պետական ռեգիստրից նրանց տվյալները հանած չլինի»: